Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմում «ընդհատակյա» գործում է ևս մեկ նախարարություն, որը վարչություն է, սակայն ինքն իրեն օժտած արտոնություններով գրեթե հավասարազոր գործառույթներ ունի, ինչ նախարարությունն ընդհանրապես: Դա մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչությունն է՝ վարչության աշխատակից Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: Այս պատասխանատու արտահայտությունը հիմնավորելու համար գնանք մեկ տարի հետ: Այն ժամանակ դեռ չընդլայնված մշակույթի նախարարությունում կազմակերպվեց և անցկացվեց «Արվեստը՝ դպրոցում» դրամաշնորհային մրցույթը: Ըստ նախարարության հայտարարած կարգի՝ մրցույթի արդյունքները պետք է հրապարակվեին նախարարության կայքում: Ձևական հարցազրույցից մեկ ամիս հետո մրցույթում հաղթած հայտատուների ցուցակը իհարկե տեղադրվեց նախարարության կայքում: Հաղթողներից մի քանիսը, ճիշտ է, մասնակցել էին մրցույթին, սակայն ըստ նախարարության հայտարարած չափանիշների, նրանք իրավունք չունեին մասնակցելու այդ մրցույթին: Սա՝ իր հերթին: ՈՒսումնասիրություններից պարզեցինք, որ հաղթողների մեջ կան մարդիկ, ովքեր բոլորովին հայտ չեն ներկայացրել, չեն ներկայացրել ծրագիր, չեն մասնակցել հարցազրույցին, ավելին՝ չեն եղել հանրապետությունում, սակայն հաղթել են: Արմեն Սարգսյանը դա պատճառաբանեց հետևյալ կերպ՝ մենք ենք հրավիրել, քանի որ ինքը լավ մասնագետ է: Երբ այս ամենի մասին հանդես եկանք հրապարակումով, ցուցակն անմիջապես անհետացավ նախարարության կայքից, իսկ հրավիրյալը զրկվեց դրամաշնորհից: Ի դեպ, հանձնաժողովի կազմը պետք է հրապարակվեր կայքով, սակայն առայսօր չի հրապարակվել:
Այս տարվա գարնանը հայտարարվեց դրամաշնորհային մրցույթ՝ մինչև մեկ միլիոն դրամի սահմաններում, որի նպատակն էր հրատարակել գրողների ստեղծագործությունները: Ստեղծագործությունների հետ միաժամանակ հեղինակը պիտի տեղեկանք ներկայացներ որևէ տպարանից, որն առկա գումարի դեպքում ստանձնելու էր գրքի տպագրությունը: Անհեթեթություն: Ո՞ր տպարանը գումարի առկայության դեպքում կհրաժարվի փող աշխատելու հնարավորությունից: Սակայն այս անհեթեթությունը խոր և խորամանկ արմատներ ունի: Ինչևէ: Մրցույթը կազմակերպվել, անցկացվել է բազմաթիվ խախտումներով, սակայն առայսօր, Արմեն Սարգսյանից և հաղթող ու մերժված հեղինակներից բացի, հանրապետությունում ոչ ոք չգիտե մրցույթի արդյունքների մասին: Պարզաբանեմ: Մրցույթի ավարտի վերջնաժամկետի և արդյունքների հրապարակման օրը օգոստոսի մեկն էր: Սակայն նախարարությունն այն երկարաձգեց մինչև օգոստոսի 31-ը: Արդյունքների մասին հեղինակներին անձնական նամակով տեղեկացրին սեպտեմբերի չորսին, հինգին: Հիմա հարց. եթե հայտատուն, ով հայտը պիտի ներկայացներ մինչև հունիսի 30-ը ու ներկայացնում է մեկ օր ուշ, հուլիսի մեկին, ի՞նչ է լինելու հայտի հետ, իհարկե՝ միանշանակ մերժվում է: Այս դեպքում նորից հարց է առաջանում՝ ինչո՞վ է զբաղված հանձնաժողովը, որ սահմանված ժամկետում հայտերը չեն քննարկվում: Սա էլ՝ իր հերթին: Ովքե՞ր և ի՞նչ չափանիշներով են ընտրված հանձնաժողովներում, ո՞ր գիտական ու հասարակական կազմակերպությունից, և արդյոք նրանք այդ մասնագիտական հմտություններն ունեն, որպեսզի կարողանան անաչառ կերպով ընդունել կամ մերժել այս կամ այն ստեղծագործությունը: Եվ դարձյալ հարց է առաջանում. ինչու՞ առայսօր հանրությանը հայտնի չէ այդ, իրենց ասելով՝ մասնագիտական հանձնաժողովի կազմը: Մեր երկրում ամենաբարձր մրցանակները շնորհող նախագահի և պետական հանձնաժողովների կազմերը հայտնի են և ամեն տարի հրապարակվում են լրատվամիջոցներում, իսկ այս և մյուս հանձնաժողովների կազմը խիստ գաղտնի է պահվում հանրությունից: Ի՞նչն է պատճառը: Բավականին չարչարվելուց հետո պարզեցինք, որ հանձնաժողովի երեք անդամները Արմեն Սարգսյանի հետ նույն վարչության աշխատակիցներն են, մյուսները՝ Արքմենիկ Նիկողոսյանի ղեկավարած: Արթուր Հայրապետյանը հանձնաժողովում է եղել, սակայն առաջին նիստից հետո նրանից գաղտնի են պահել հաջորդ նիստերի օրերը, նրան չեն հանձնվել քննարկվելիք ստեղծագործությունները: Վերևում նշեցինք տպարաններից ներկայացվող տեղեկանքների մասին. հանձնաժողովի անդամ Արքմենիկ Նիկողոսյանը ներկայացնում է «Անտարես հոլդինգը», պարզ չէ՞, որ այդ գումարների ծանրակշիռ մասը պիտի ուղղվի «Անտարեսին», ինչպես եղել է առայսօր, և հաղթած հեղինակներն էլ պիտի լինեն այն գրողները, ովքեր մշտապես հաղթում են նախարարության հայտարարած մրցույթներում և տպագրվում հիմնականում «Անտարեսի» տպարանում: Մենք պարզեցինք, որ առայսօր չբացահայտված այս հանձնաժողովի դատին ու քննությանն է հանձնվում նաև թարգմանական գրականությունը: Դարձյալ պարզ է, թե հանձնաժողովը մրցութային գրքերը որ հրատարակչությանը պետք է «պաս» տա:
Ի դեպ, գրողների միության նախագահությունը քննարկել է կնճռոտ այս հարցը, նիստի մանրամասները բացի «Գրական թերթում» տպագրելուց ուղարկել է նաև ԿԳՄՍ նախարարին՝ նշելով իրենց նկատառումները զավեշտի վերածված այս մրցույթների մասին, և սպասում է նախարարի պատասխանին:
Հատկանշական է, որ Արմեն Սարգսյանի, այսպես կոչված, նախարարությունը զբաղվում է նաև գրական-մշակութային թերթերին ու պարբերականներին դրամաշնորհներ հատկացնելով: Երկու տարի է՝ Արմեն Սարգսյանի մասնագիտական կոչվող հանձնաժողովը, որի կազմը դարձյալ հայտնի չէ հանրությանը, ջանասիրաբար մերժում է «Դարձ» պարբերականը, որը եզակիներից է հանրապետության մարզերում՝ զուտ գրական-մշակութային լինելով: Այս մրցույթի արդյունքներն էլ պիտի պարզ լինեին մինչև ս.թ. հոկտեմբերի մեկը, սակայն այն հայտատուներին, ովքեր մտերիմ հարաբերությունների մեջ են Ա. Սարգսյանի հետ, իսկ եթե մտերիմ են, ուրեմն հաղթել են, Ա. Սարգսյանը նախապես տեղեկացնում է այդ մասին՝ «շուխուր» չդնելու պայմանով: Ի դեպ, գրողների միության նամակից հետո երևանյան գրքի մրցույթը, որը կկազմակերպվի առաջիկայում, թափանցիկության նշույլներ է ի հայտ բերում, նախարարության կայքում հայտնվեց մրցութային հանձնաժողովի կազմը:
Հարց է առաջանում՝ իսկ ո՞վ և ովքե՞ր պետք է պատասխան տան մրցույթների ոչ թափանցիկ անցկացման, գրողների ինքնասիրությունը վիրավորելու համար: Եվ արդյոք այս ամենից կոռուպցիայի հոտ չի՞ փչում, արդյոք այս ամենից տեղյա՞կ է մշակութային ոլորտը համակարգող փոխնախարարը, և եթե տեղյակ է, կարծում ենք՝ պետք է չեղյալ համարվեն այս բոլոր մրցույթները, և դրանց անցկացման նոր ու թափանցիկ կարգ մշակվի: Այլապես մենք գնում ենք այնտեղ, որտեղից եկել ենք, և որում տիրող գաղջ մթնոլորտը ձևավորվել էր առաջին հերթին մշակութային ոչ ճիշտ քաղաքականություն որդեգրելու պատճառով:
Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բանաստեղծ, հրապարակախոս